ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ընդդիմության և իշխանության միջև կա հստակ ջրբաժան` մարտի 1-ը»

«Ընդդիմության և իշխանության միջև կա հստակ ջրբաժան` մարտի 1-ը»
23.01.2009 | 00:00

«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿՐԻՄԻՆԱԼ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ Է»
Հայաստանի ներքաղաքական զարգացումների ընթացքը, Հայաստան-Եվրախորհուրդ փոխհարաբերություններում ստեղծված իրավիճակը և հնարավոր հետևանքները մեկնաբանում է ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ:
-Պարոն Դեմիրճյան, դեկտեմբերին կայացած համաժողովում ընդդիմությունը, փաստորեն, երկարաձգեց հոկտեմբերի 17-ին հայտարարված ակտիվ գործողությունների ընդմիջումը մինչև մարտի 1-ը։ Որքանո՞վ էր այս որոշումը հիմնավորված, դրա պատճառը ձմռան սեզո՞նն է, թե՞ ընդդիմության ներսում առաջացած որոշ հակասությունները։
-Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ հանրահավաքային դադարն արդարացված է և պայմանավորված չէ ոչ հակասություններով, ոչ էլ եղանակով։ Եթե հանրահավաքներ չեն անցկացվում, դա չի նշանակում, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստել է։ Իսկ դադարի շարժառիթների մասին պարզաբանումներ տրվել են։
-«7-ի գործով» դատավարության Ձեր գնահատականը։ Եվ արդյոք ընդդիմությունը փորձելո՞ւ է այս հանգամանքը դարձնել ինչ-որ նոր գործընթացների նախաձեռնման առիթ կամ պատճառ։
-Ընդդիմությունը բոլոր օրինական միջոցներով շարունակելու է հետամուտ լինել իր բարձրացրած խնդիրների լուծմանը։ «7-ի գործը», անշուշտ, շինծու է, և, ըստ էության, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար։ Նույնիսկ հրապարակվող գաղտնալսումները ցույց են տալիս, որ ընդդիմությունը հեղաշրջման որևէ փորձ չի ծրագրել։ Ես համարում եմ, որ իշխանություններն անցած ժամանակահատվածում լիարժեք հնարավորություն ունեին կոնկրետ քայլերով նպաստելու առկա լարվածության թուլացմանը։ Սակայն այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու և մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն և դատաքննություն ապահովելու ուղղությամբ։ Իշխանությունների այս գործելակերպը հանգեցրեց նրան, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկեց դադարեցնել Հայաստանի պատվիրակության լիազորությունները։ Ինչպես հայտնի է, այդ հարցը հունվարի վերջին քննարկման առարկա կդառնա ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում։ Գոնե այսքանից հետո վարչախումբը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևերի կատարման ուղղությամբ։
-Մինչդեռ ընդդիմության մի շարք գործիչներ չեն թաքցնում, որ ընդդիմադիր շարժման համար լավագույն խթան կհանդիսանար, եթե ԵԽԽՎ-ում Հայաստանը զրկվեր ձայնի իրավունքից։ Այսինքն, ընդդիմության որոշ գործիչների կարծիքով, այդպիսի ճնշումը կարող է ազդել իշխանության վրա։ Դո՞ւք էլ եք հունվարի 27-ի հետ այդքան մեծ հույսեր կապում։
-Մենք ոչ թե ուզում ենք, որ կասեցվեն մեր պատվիրակության լիազորությունները, այլ կատարվեն 1609, 1620 բանաձևերի պահանջները։ Եկեք, նախ, արձանագրենք, որ Հայաստանը ժամանակին ինքն է դիմել Եվրոպայի Խորհուրդ ընդունվելու համար, ստանձնել որոշակի պարտավորություններ։ Այն ժամանակից ի վեր Հայաստանի իշխանությունների համար պարզ պետք է լիներ, որ Եվրախորհրդի անդամ դառնալն արդեն իսկ ենթադրում է, որ համաեվրոպական այդ կառույցը դիտորդ չի լինելու` հայաստանյան զարգացումների հետ կապված։ 1609 և 1620 բանաձևերը չեն կատարվել։ Ի դեպ, Եվրախորհրդի` Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևերը երբևէ լիարժեքորեն չեն կատարվել։ Այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին 2003 թ. ընտրությունների ժամանակ կեղծիքներ և բռնարարքներ իրականացրած անձինք, մինչ օրս եթեր չի տրամադրվել «Ա1+»-ին։
-Ինչո՞ւ չի կատարվել։ Փաստահավաք խումբը, այնուհանդերձ, ստեղծվեց ընդդիմությունից և իշխանությունից` համաչափ կազմով, իսկ դա ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր։
-Դա բավարար չէ։ Առայսօր ընդդիմության շատ ներկայացուցիչներ շարունակում են մնալ անազատության մեջ։ Հիմա, երբ Եվրախորհրդի ճնշումն ուժեղացել է, խոսակցություններ են պտտվում, որ քրեական օրենսգրքի 300 և 225 հոդվածները կենթարկվեն փոփոխության, և գուցե դրա արդյունքում ընդդիմադիր գործիչների մի մասն ազատ կարձակվի։ Ակնհայտ է, որ սրանով վարչախումբը փորձ է անում փրկելու իր դեմքը։ Սակայն չմոռանանք, որ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ այսօր անազատության մեջ են նաև այլ շինծու մեղադրանքներով։ Պետք է բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։
-Հակառակ տեսանկյունից նայենք. իշխանությունը ԵԽԽՎ-ի առջև կստանձնի նոր պարտավորություններ, արտաքին ճնշումը կթուլանա, իսկ միայն ընդդիմության պահանջները բավարարելու համար իշխանությունը կարող է և որևէ քայլի չդիմել, համարելով այդ պահանջներն այլևս չհիմնավորված, եթե ԵԽԽՎ-ի հետ կապված պրոբլեմը վերանում է։
-Դա իշխանության հերթական սխալը կլինի, որովհետև ներկա ճգնաժամը ոչ թե արտաքին ճնշման հետևանք է, այլ երկրի ներսում տեղի ունեցած ու մեր հանրությանը քաջ հայտնի զարգացումների։ Հետևապես, նույնիսկ արտաքին ճնշման դադարեցումը ներքին ճգնաժամի հանգուցալուծման հիմք չի կարող դառնալ (սակայն ես չեմ կարծում, որ Եվրախորհուրդը կմոռանա իր պահանջների մասին)։ Այնքան ժամանակ, քանի առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իշխանությունը տեսանելի քայլեր չի անում, ընդդիմությունը շարունակելու է պայքարել` ապավինելով հասարակությանը, որի և իշխանության միջև կա հստակ ջրբաժան` մարտի 1-ը։
-Ի դեպ, ընդդիմությունը շարունակ խոսում է իշխանության կողմից զիջումային քայլերի բացակայության մասին։ Իսկ ի՞նչ ընդառաջ քայլի է պատրաստ նույն ընդդիմությունը։
-Ի՞նչ է նշանակում ընդառաջ քայլ, երբ բացահայտորեն կեղծում են ընտրությունները, հետո սպանդ են իրականացնում, մարդկանց նետում են բանտերը, և դեռ դրանից հետո ընդդիմությո՞ւնը պետք է ընդառաջ քայլ անի։ Չնայած նաև նշեմ, որ հոկտեմբերի 17-ին ակտիվ գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու մեր որոշումը հենց այդպիսի քայլ էր։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ, ամեն ինչից բացի, Հայաստանի առջև կան լուրջ արտաքին մարտահրավերներ, կա ղարաբաղյան հիմնահարց։ Եվ բանակցային գործընթացի բավականին բարդ փուլում ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքները դադարեցնելու մասին։ Մենք նաև բազմիցս նշել ենք, որ քաղկալանավորներին ազատելուց հետո պատրաստ ենք երկխոսության։
-Լավ, ընդունենք, որ ընդդիմության պասիվության փուլը կձգվի մինչև մարտի 1-ը։ Մարտի 1-ին ընդդիմությունը կվերադառնա հրապարակ, ի՞նչ նոր բան եք ասելու ձեր համախոհներին, ընտրազանգվածին։
-Եթե իշխանությունները համապատասխան հետևություններ և քայլեր չանեն, և մինչև մարտի 1-ն իրավիճակը չփոխվի, ապա, բնականաբար, մեր պահանջները կլինեն նույնը, այն է` ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրականացնել մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ քննություն և պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին։ Իսկ, առհասարակ, մեր պայքարը երկրում հաստատված կրիմինալ օլիգարխիկ համակարգի դեմ է, որի գոյության երաշխավորն է այս իշխանությունը։ Մեր նպատակը մեր երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատումն է, ինչը, առաջին հերթին, ենթադրում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորում։ Ինչպես նախկինում առիթ եմ ունեցել նշելու, շարունակաբար կեղծվող ընտրությունների պատճառով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել նոր արդար և ազատ համապետական ընտրություններ անցկացնելու միջոցով։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ